Գիորգի Վաշաձեն. Հինգ եվրոպացի «ձայնի պահապաններ» ապօրինի կալանավորվել են, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել անօրինական գործողությունները
Գիորգի Վաշաձեն. Հինգ եվրոպացի «ձայնի պահապաններ» ապօրինի կալանավորվել են, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել անօրինական գործողությունները

Ձերբակալություններն արդեն սկսվել են, հինգ եվրոպացի «ձայնի պահապաններ» կալանավորվել են՝ բացարձակապես անօրինական կերպով,- այս մասին նշել է «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն՝ խոսելով «ձայնի պահապանների» ձերբակալության մասին։

Վաշաձեի խոսքով, դա անօրինական արարք է, և նա պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին։

«Մենք հաղթում ենք, ժողովուրդ, շատ քիչ է մնացել մեր վերջնական հաղթանակին։ «Երազանքը» պարտվում է, ջախջախիչ պարտվում, և ես կխնդրեի ձեզ մեծ ակտիվություն։ Ընտրությունների ավարտին երկու ժամ է մնացել, մեր հաղթանակն այնքան հզոր պետք է լինի, որ ոչ ոք հարցականի նշան չունենա ու մանիպուլյացիայի հնարավորություն չունենա, մենք հաղթում ենք ու ուզում եմ, որ բոլորս միասին տոնենք հաղթանակը։ Բոլորիդ, ովքեր ընտրություններին չեք եղել, խնդրում եմ գալ։ Մեր հաղթանակի գլխավոր ապացույցն այն է, թե ինչպես է իրեն պահում «Երազանքը»։ Նրանք հարձակվում են դիտորդների վրա, ճնշում մարդկանց, ովքեր թույլ չեն տալիս մանիպուլյացիա անել։ Ձերբակալություններն արդեն սկսվել են, հինգ եվրոպացի «ձայնի պահապաններ» կալանավորվել են՝ բացարձակապես անօրինական կերպով։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց։ Սա բացարձակապես անօրինական արարք է։ Դիմում եմ ոստիկաններին, այս իշխանությանը մի քանի ժամ է մնացել, անօրինական գործողություններ մի արեք, ամեն ինչ ֆիքսված է այդ տեսախցիկներով, բռնությունը օրենքով սահմանված կարգով կունենա կոնկրետ պատասխանատվություն։

Դուք տեսնում եք, որ ակտիվությունն ավելի բարձր է, քան 2016, 2021, 2020 թվականներին։ Դուք տեսնում եք «Երազանքի» ներկայացուցիչներին, որոնք չեն կարողանում անգամ ձայն հանել, քանի որ մեր կողմը մեծ առավելություն ունի։ Հիմա կարևոր է, ավելի շատ մարդիկ գնան ընտրությունների։ «Երազանքը» արտասահմանում աղետալի արդյունքներ է գրանցում, կարծում եմ՝ ճիշտ նույնը կունենա Վրաստանում։

Ես կոչ եմ անում հանրությանը, մեր պատասխանը այս ամբողջ բռնությանը պետք է լինի ավելի ակտիվություն, ավելի շատ գալ ընտրատեղամաս, Վրաստանը տանել դեպի Եվրամիություն, գնալ առաջ և մեկընդմիշտ ոչ ասել այս մեկուսացվածներին։ Առաջ՝ դեպի հաղթանակ, առավելագույն մոբիլիզացիա: Մեզ քիչ ժամանակ է մնացել, շնորհակալություն բոլորին, ովքեր ձայներն այդքան հաստատուն են պահում և կանգնում կեղծարար մեքենայի դեմ։ «Երազանքի» ղեկավարներին ասում եմ՝ ընդունեք պարտությունը, խոստովանեք, որ պարտվում եք այս ընտրություններում և դադարեցրեք անօրինական գործողությունները։ Իմացեք, որ մենք անպայման այս հաղթանակը հասցնելու ենք մինչև վերջ։ Ձեր իշխանության ժամանակն ավարտվել է, գնացեք ընդդիմություն և հանգստացեք, քանի որ ռուսամետ քաղաքական գործիչները երբեք չեն հաղթի այս երկրում», – ասել է Վաշաձեն։