Միխեիլ Սաակաշվիլուն միայն սեփական քաղաքական դրդապատճառն ու գործը փչացնելու շահն է շարժում. այս մասին հայտարարել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ, պատգամավոր Գիորգի Շարաշիձեն:
Պատգամավորին հարց են ուղղել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, որտեղ նշված է. «Շատ եմ զարմանում լրատվամիջոցների վրա, որոնք այնքան ակտիվորեն լուսաբանում են պատրիարքի այսպես կոչված ընտրությունների ռուսական հատուկ գործողությունը, ասես իսկապես գործ ունենք ինչ-որ մրցակցային գործընթացի հետ, և ինտրիգը պահպանվում է: Այս «ընտրությունների» սցենարը վաղուց գրվել է Լյուբյանկայում, հրահանգներն ուղարկվել են Իվանիշվիլիին և եկեղեցի՝ գործակալությանը»:
Ինչպես հարցին ի պատասխան նշել է Շարաշիձեն, Վրաստանի նախկին նախագահը պետք է ձեռնպահ մնա եկեղեցու մասին խոսելուց:
«Վրացական իմաստություն կա՝ որտեղ լավ չէ, այնտեղից հեռանալն է լավը: Եթե Միխեիլ Սաակաշվիլու սիրտն իսկապես ցավում է վրացական եկեղեցու համար, ավելի լավ է ընդհանրապես ձայն չհանի: Նա լավ գիտի, որ եթե նույնիսկ բացարձակ ճշմարտությունն ասի, ժողովուրդը դա իրենից չի ընդունի: Նրան միայն սեփական քաղաքական դրդապատճառն ու գործը փչացնելու շահն է շարժում: Նրա ոչ մի հայտարարություն չեմ հիշում, որը ծառայեր իրական խնդիրների լուծմանը: Կարող է որոշ դեպքերում նույնիսկ ճշմարտությունը գրի, բայց հաշվի առնելով վրաց ժողովրդի վերաբերմունքը նրա նկատմամբ՝ նա գործը փչացնում է: Երբ խոսքը վերաբերում է եկեղեցուն, ես նրան կոչ եմ անում հիշել այս մեծ վրացական իմաստությունը», – հայտարարել է Շարաշիձեն: