Գիորգի Գախարիան Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ առևտրա-տնտեսական կապերի զարգացումը
Գիորգի Գախարիան Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ առևտրա-տնտեսական կապերի զարգացումը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի հիմնական թեմաներն են եղել իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ վերջին զարգացումները և Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովումը:

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվել է երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, երկրի տարանցման, տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդումը և առկա ներուժի օգտագործումը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկու երկրներում առկա համավարակային իրավիճակը և ապագա ծրագրերը:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը վերահաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ», – հայտարարել են վարչապետի մամուլի ծառայությունում:

Նրանց խոսքով, Վրաստանի կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը, ներկա է գտնվել նաև արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին: