Գինու ազգային գործակալություն․ Կախեթիում վերամշակվել է մինչև 12,4 հազար տոննա խաղող

14:13, 17.09.2026

Ըստ Գինու ազգային գործակալության տվյալների՝ Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 12,4 հազար տոննա խաղող։

Վերամշակված խաղողի ծավալից 6,8 հազար տոննան «Սափերավի» տեսակի է, 1,7 հազար տոննան՝ «Ռքածիթելի», իսկ մնացած մասը կազմում են խաղողի այլ տեսակներ։

«Այս փուլում խաղողի բերքահավաքի համակարգման շտաբում գրանցված է շուրջ 400 գինեգործական ընկերություն, որոնք աստիճանաբար կմիանան խաղողի ընդունման գործընթացին։ Այս տարվա բերքի կանխատեսվող ծավալը կազմում է մոտ 320 հազար տոննա։

Բերքահավաքն արդյունավետ կազմակերպելու և ամբողջ բերքի իրացումն ապահովելու նպատակով Վրաստանի կառավարությունը որոշել է, որ ավելցուկի դեպքում բոլոր խաղողագործները հնարավորություն կունենան իրացնել իրենց խաղողը։ Այդ նպատակով «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ-ն սահմանված պայմաններին համապատասխան ֆիզիկական անձանցից կգնի Կախեթիում աճեցված խաղողը։

Բարձրորակ, չվնասված «Սափերավի» խաղողի համար, որի շաքարայնությունը կազմում է առնվազն 21%, սահմանվել է 1,50 լարի գին։ Ոչ ստանդարտ «Սափերավիի» դեպքում (երբ շաքարայնությունը 17%-ից 21% է, և/կամ խաղողը մասնակիորեն վնասված է) գինը կկազմի 0,90 լարի։ 17%-ից պակաս շաքարայնություն ունեցող և/կամ վնասված «Սափերավի» խաղողի գինը սահմանվել է 0,30 լարի։

Վրաստանի «Խաղողի և գինու մասին» օրենքով թույլատրված խաղողի այլ տեսակների դեպքում առնվազն 20% շաքարայնություն ունեցող չվնասված խաղողի գինը կկազմի 1,30 լարի։ 17%-ից 20% շաքարայնություն ունեցող խաղողի գինը կլինի 0,80 լարի, իսկ 17%-ից պակաս շաքարայնություն ունեցողներինը՝ 0,30 լարի։

Խաղողի ընդունման գործընթացը համակարգվում է Գուրջաանի քաղաքում տեղակայված Բերքահավաքի համակարգման շտաբի կողմից։ Բերքահավաքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով 1501 և 032 219 37 18 թեժ գծի հեռախոսահամարներով», – հայտնում են Գինու ազգային գործակալությունից։

Նմանատիպ