Գինու ազգային գործակալության, կառավարության և գյուղատնտեսության նախարարության միջև խորհրդակցության արդյունքում հանձնման ենթակա խաղողի գինը փոխվում է

15:43, 22.09.2026
Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլայի հայտարարությամբ՝ Վրաստանի կառավարության և շրջակա միջավայրի պահպանության ու գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի հետ խորհրդակցության արդյունքում հանձնման ենթակա խաղողի գների մեջ փոփոխություններ են մտցվում։ Այս մասին Մեխուզլան հայտարարել է Գուրջաանիում՝ բերքահավաքի (ռթվելի) համակարգող շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ այս տարի առատ տեղումներ են եղել, և խաղողի համար դժվար է եղել շաքարայնություն հավաքելը, ըստ որակական հատկանիշների (կոնդիցիայի) սահմանվելու են նոր գներ։ Մասնավորապես՝ բարձրորակ (բարձր կոնդիցիոն) խաղող՝ 20 աստիճանից բարձր Սապերավիի դեպքում՝ 1,50 լարի, 19 աստիճանից բարձր Ռքացիթելիի և մնացած այլ խաղողի դեպքում՝ 1,30 լարի. ցածրորակ (ցածր կոնդիցիոն) խաղող՝ 16-ից 20 աստիճան Սապերավի՝ մեկ լարի, 16-ից 19 աստիճան Ռքացիթելի և մնացած այլ խաղող՝ 90 թեթրի։
Մինչև 16 աստիճանը համարվում է անորակ խաղող, որը պիտանի չէ ոչ գինու, ոչ էլ սպիրտի համար, ըստ էության, տհաս խաղող է։ Ինչպես հայտնի է, պետության դիրքորոշումն է, որ երկրում ոչ մի կիլոգրամ խաղող չհանձնված չի մնա։ Ըստ այդմ, այս դեպքում անում ենք բացառություն, որպեսզի այգեգործը կարողանա ծածկել կատարված ծախսերը, և դրա արժեքը կլինի 50 թեթրի, հիբրիդը՝ 30 թեթրի։ Ինչ վերաբերում է այն այգեգործներին, որոնք խաղողը հանձնել են գործող արժեքով, ապա վերահաշվարկը կկատարվի նոր գներով, և նրանց կփոխհատուցվի համապատասխան տարբերությունը», — նշել է Լևան Մեխուզլան։

Նմանատիպ