Ղազախստանում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե
Ղազախստանում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Ղազախստանում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են խորհրդարանի դերի ուժեղացում։

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ եթե փոփոխությունները հաստատվեն, ապա նոր սահմանադրությունը չի նախատեսի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արտոնությունները, ով 2019 թվականին հրաժարական տալուց հետո պահպանեց իր լայն լիազորություններն ու ղեկավարության կարգավիճակը։

Միաժամանակ նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն արգելում են նախագահի հարազատներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել։ Նաև կստեղծվի սահմանադրական դատարան և կարգելվի մահապատիժը։

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանրաքվեն բնութագրում է որպես կառավարման «սուպերնախագահական» ձևից անցում դեպի նախագահական կառավարման ձև՝ ուժեղ խորհրդարանով:

Նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անցյալ շաբաթ հրապարակված հարցազրույցում աջակցություն էր հայտնել սահմանադրական փոփոխություններին։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդել էին Ղազախստանում հունվարին վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերն ու անկարգությունները, որոնց զոհ էր դարձել ավելի քան 230 մարդ։