Ֆրանսիայի արդարադատության նախարարը չի բացառում, որ 2027 թվականի նախագահական ընտրություններում կհաղթի Ժան-Լյուկ Մելանշոնը, եթե նրա մրցակիցը լինի Մարին Լը Պենը
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարությամբ՝ 2027 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր է հաղթի ծայրահեղ ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնը, եթե նրա մրցակիցը լինի ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։
«Եթե Մելանշոնը դուրս գա երկրորդ փուլ և մրցակցի Մարին Լը Պենի հետ, կարծում եմ՝ դա մեր երկրի համար մեծագույն ցնցում կլինի», – հայտարարել է Դարմանենը։
Նրա իսկ խոսքով՝ նման դեպքում Մելանշոնին կաջակցի ձախակողմյան ընտրազանգվածը, որի հայացքները նշանակալի ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա։
«Լավագույն միջոցը՝ երաշխավորելու, որ պարոն Մելանշոնը երբեք չդառնա Հանրապետության նախագահ, նրան երկրորդ փուլ թույլ չտալն է», – հայտարարել է Դարմանենը։
Դարմանենը աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Բրունո Ռետայոյին և «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ ու նախկին վարչապետ Գաբրիել Ատալին կոչ է արել հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց և աջակցել կենտրոնամետ ճամբարի միասնական թեկնածուին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպին։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում Մելանշոնի հետ մրցակցելու դեպքում կհաղթի Մարին Լը Պենը։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 18-ին, իսկ երկրորդ փուլը, հավանաբար, կանցկացվի մայիսի 2-ին։