Ղազախստանում անց է կացվում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե: Երկրի նոր սահմանադրության նախագիծը նախատեսում է փոփոխություններ երկրում գործող Գերագույն օրենքի տեքստի 40%-ում:
Նորարարությունների հիմնական մասը՝ 70%-ը, ներառում է սահմանադրության այն հոդվածները, որոնք վերաբերում են իշխանության ճյուղերի միջև հարաբերություններին:
Այս առումով, հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է երկրի խորհրդարանին, որը երկպալատից կդառնա միապալատ: Պատգամավորները կընտրվեն կուսակցական ցուցակներով՝ 5 տարի ժամկետով: Երկրում գործող խառը ընտրական համակարգը կվերացվի:
Փոփոխությունները նախատեսում են նաև նոր խորհրդակցական մարմնի ձևավորում, որը կունենա օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունք: Նախագահը կնշանակի այսպես կոչված Ժողովրդական խորհրդի անդամներին:
Բացի այդ, կվերականգնվի փոխնախագահի պաշտոնը, որը կներկայացնի երկրի շահերը միջազգային ֆորումներում: Փոխնախագահի թեկնածությունն էլ նախագահը ներկայացնում է երկրի օրենսդիր մարմնի հաստատմանը:
Նոր սահմանադրությունը նաև նախատեսում է խորհրդարանի կողմից երկրի նախագահին իմպիչմենտի ենթարկելու հնարավորություն, ինչը Ղազախստանի գործող Գերագույն օրենքով անհնար է։ Սակայն իմպիչմենտը կարող է տեղի ունենալ միայն երկրի Սահմանադրական դատարանի համաձայնությամբ։
Սահմանադրության թարմացված տեքստը նաև նախատեսում է երկրի սահմանադրության անվերապահ գերակայությունը միջազգային կազմակերպությունների և դրանց մարմինների որոշումների նկատմամբ։ Բացի այդ, նոր սահմանադրության համաձայն, միայն տղամարդու և կնոջ միությունը կհայտարարվի ամուսնություն։ Գերագույն օրենքի փոփոխությունները ներառում են բողոքի ցույցեր անցկացնելու սահմանափակումներ, եթե ցույցերը սպառնում են հասարակական կարգին կամ բարոյականությանը։
Ղազախստանի օրենսդրության համաձայն, հանրաքվեն անցկացվում է, եթե դրան մասնակցում է գրանցված ընտրողների կեսից ավելին։ Արդյունքները պետք է հրապարակվեն յոթ օրվա ընթացքում։