Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը սգո օր է հայտարարել
Ղազախստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհերի պատճառով 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարվել։ Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ այսօր Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է վերականգնել Ալմաթիում և երկրի այլ քաղաքներում վնասված ենթակառուցվածքները։ Նախագահի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստորաբաժանումների կողմից անվտանգության գործառույթների կատարումը հնարավորություն է տվել պաշտոնանկ անել երկրի մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի մասին։
Երեկ նախագահի հրամանագրով զինված ուժերին թույլատրվել է առանց նախազգուշացման կրակ բացել։ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանի իշխանությունների որոշումը համարել է ոչ լեգիտիմ և պահանջել չեղարկել հրամանը։
BBC-ի ռուսական բյուրոյի փոխանցմամբ՝ Ղազախստանի անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Անվտանգության կոմիտեի տվյալներով՝ Մասիմովը և մի քանի այլ անձինք տեղափոխվել են մեկուսարան երկու օր առաջ։ Ալմաթիում բողոքի ցույցերից ու անկարգություններից հետո Մասիմովն ազատվել է աշխատանքից։
Միաժամանակ, երկրի առաջին նախագահի մամուլի քարտուղարը սոցցանցերում տեղեկություն է տարածել, որ Նուրսուլթան Նազարբաևը չի լքել երկիրը և նա գտնվում է մայրաքաղաքում։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ ինքը անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահի հետ և մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի բարեկամ պետությունների ղեկավարների հետ։
Ղազախստանում իրավիճակը դեռ լարված է: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնվել է, սակայն, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր առավոտյան Ալմաթի քաղաքում կրկին ինտենսիվ կրակոցներ են լսվել։ Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ալմաթի քաղաքում կալանավորվել է ավելի քան 4000 մարդ։
Երկրում լարվածության ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը Ալմաթիում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին թույլատրել է ինքնակամ լքել երկիրը։
Ղազախստանում հեղուկ բնական գազի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ին։ Չնայած նախագահի հրաժարականին և վառելիքի գները կարգավորելու կառավարության խոստմանը, բողոքի ակցիաները չեն դադարում։ Ցուցարարները պահանջում էին ամբողջական իշխանափոխություն, խորհրդարանի ցրում եւ սահմանադրական բարեփոխումներ։ Ցուցարարները գրավել են կառավարական շենքերը մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Իշխանությունները պնդում են, որ երկրում ահաբեկիչներ են գործում։