Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Իրանի նախագահ
Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Իրանի նախագահ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով։

«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով։ Մենք ցանկանում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում ամուր կայունության հաստատման ականատեսը դառնալ»,- ասել է նա։

Իրանի նախագահը նշել է, որ միջազգային սկզբունքները, որոնց հարգանքով է վերաբերում միջազգային հանրությունը, պետք է գործիք դառնան նման խնդիրների լուծման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրված մի շարք փաստաթղթերից առանձնացրել է երկուսը՝ մեկը վերաբերում է Կասպից ծովում երկու երկրների համատեղ աշխատանքին, մյուսը՝ Աստարա-Ռեշտ երկաթգծի կառուցմանը։ Ըստ Ալիևի՝ այդ փաստաթղթերը «պատմական նշանակություն ունեն»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ կառուցվող Աստարա-Ռեշտ երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի մաս է հանդիսանում, ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացի։