Գերմանիայում ռազմական ուղղաթիռը մխրճվել է շենքի մեջ. կա մեկ զոհ
Գերմանիայում ռազմական ուղղաթիռը մխրճվել է շենքի մեջ. կա մեկ զոհ

Գերմանիայի Բավարիա երկրամասի Հասֆուրթ քաղաքում ռազմական ուղղաթիռը մխրճվել է դիսպետչերական կետի շենքի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդել են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Ստորին Ֆրանկոնիայի ոստիկանության և Բամբերգ քաղաքի դատախազության տվյալների համաձայն՝ բանակի տրանսպորտային ուղղաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում՝ վառելիքի վերալիցքավորման համար: Մոտենալով լիցքավորման կետին՝ ուղղաթիռը բախվել է դիսպետչերական կետի շենքի պատին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուղղաթիռի բեկորներից մեկը ընկել է օդանավակայանի 60-ամյա աշխատակցի վրա, որը գտնվում էր մոտակայքում: Նա լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել:

Իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդմամբ՝ ուրիշ տուժածներ չկան: Միջադեպի հետևանքով վնասը, նախնական տվյալների համաձայն, կարող է մի քանի միլիոն եվրո կազմել:

Նշվում է, որ այժմ պարզվում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները: