Գերմանիայում էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիայի մեջ կասկածվողի մեքենայում հայտնաբերվել է ավելի քան 160 հավանական թիրախներից բաղկացած ցուցակ
Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գերմանիայում ոստիկանությունը էներգետիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի մեջ կասկածվող տղամարդու խուզարկության ժամանակ հայտնաբերել է ավելի քան 160 վայրի ցանկ։
Դրանց թվում կային վայրեր, որոնք, հավանաբար, կարող էին դառնալ ապագա հարձակումների թիրախ։
Քննիչները տղամարդու մեքենայում հայտնաբերել են տետր՝ ավելի քան 160 վայրի մասին նշումներով։ Դրանց թվում էին ինչպես արդեն իրականացված դիվերսիայի վայրերը, այնպես էլ հնարավոր ապագա թիրախները։
«Մենք ոչ միայն ձերբակալել ենք հարձակումների ենթադրյալ կատարողին, այլև, հնարավոր է, կանխել ենք հետագա հարձակումները», – ասել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը։
Նրա խոսքով՝ ձերբակալվածը նաև իրավապահ մարմիններին տեղեկատվություն է տրամադրել յոթ վայրի մասին, որտեղ նա թաքցրել է տարբեր իրեր։ Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է այդ վայրերից երեքը և ուսումնասիրում է նյութերը։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ոստիկանությունը նաև հայտնաբերել է ավելի քան 40 հրթիռային կայանք։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դրանք նախատեսված էին դիվերսիաների համար։ Նմանատիպ սարքեր են հայտնաբերվել նաև Բրանդենբուրգում և Սաքսոնիայում։
Բացի այդ, կասկածյալի տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ավելի քան 1700 ոստիկաններ մասնակցել են կասկածյալին ձերբակալելու գործողությանը։
Ձերբակալված տղամարդը մեղադրվում է Բրանդենբուրգում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում դիվերսիաներ կազմակերպելու մեջ։