Գերմանիայի կառավարությունը հաստատում է հետախուզական գործակալությունների ընդլայնված լիազորությունները, ընդդիմությունը քննադատում է որոշումը
Հաշվի առնելով դիվերսիայի և լրտեսության աճող սպառնալիքները, Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը, որը պատասխանատու է ներքին անվտանգության համար, և Դաշնային հետախուզական ծառայությունը, որը զբաղվում է արտաքին հետախուզությամբ, կստանան ավելի լայն լիազորություններ, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ բարեփոխման՝ այս գործակալությունները այլևս չեն սահմանափակվի միայն տեղեկատվության հավաքագրմամբ և վերլուծությամբ, և նրանց կտրվի նաև ակտիվ միջամտելու հնարավորություն։
Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակին տրվելու է լիազորություն ներթափանցել սպառնալիք ներկայացնող անհատների և խմբերի համակարգչային համակարգեր, անջատել նրանց և իրականացնել կիբեռհակահարձակումներ: Դաշնային հետախուզական ծառայությանը հանձնարարվելու է պաշտպանվել ներքին սպառնալիքներից, այդ թվում՝ թուլացնել հակառակորդի հնարավորությունները:
Բարեփոխումը ակտիվորեն քննադատվում է որոշ քաղաքական ուժերի կողմից: Կանաչները նշում են, որ անհնար կլինի պատշաճ կերպով վերահսկել ավելի ուժեղ հետախուզական ծառայությունները: Նրանց կարծիքով, սպառնալիքի տակ կլինի նաև հետախուզական ծառայությունների և ոստիկանության միջև խիստ տարանջատման սկզբունքը:
Ազատ դեմոկրատական կուսակցությունը նույնպես խստորեն քննադատել է բարեփոխումը: Կուսակցության առաջնորդ Վոլֆգանգ Կուբիցկին մեղադրել է դաշնային ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտին «պատմական տաբուի» խախտման մեջ: Նրա խոսքով, հետախուզական ծառայությունների և ոստիկանության միջև խիստ տարանջատումն ունի շատ կարևոր պատմական հիմքեր:
«Ես չեմ ուզում, որ Գերմանիայում լինի գաղտնի ոստիկանություն: Ես ուզում եմ, որ հիմնարար իրավունքների ցանկացած խախտում լիովին ենթարկվի դատական վերահսկողության, և պետություն, որը հասկանում է, որ ազատությունը չի կարող պաշտպանվել այն սահմանափակելով», – ասել է Կուբիցկին:
Ձեր տեղեկության համար, Գերմանիայում իրավապահ և հետախուզական գործառույթների տարանջատման սկզբունքը համարվում է ազգային սոցիալիզմի փորձից քաղված հիմնական դասերից մեկը: Այդ ժամանակ այսպես կոչված պետական գաղտնի ոստիկանությունը՝ Գեստապոն, լայն լիազորություններով, դաժանորեն էր գործում նացիստների քաղաքական հակառակորդների, ինչպես նաև հրեաների և այլ խմբերի դեմ։
Հետախուզական ծառայությունների լիազորությունների ընդլայնումը քննադատության է արժանացել նաև «ձախերի» կողմից: Կուսակցության ներքին քաղաքականության փորձագետ Կլարա Բյունգերը հայտարարել է, որ բարեփոխումը վերացնում է «ոստիկանության և հետախուզական ծառայությունների տարանջատման սկզբունքը»։
Իր հերթին, իշխող կոալիցիան պնդում է, որ հետախուզական ծառայությունները պետք է կարողանան արագ և անկախ գործել՝ սուր սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվական արշավների, հաքերային հարձակումների և դիվերսիաների դեմ պայքարելու համար։