Գերմանիան կանցկացնի ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ
Գերմանիան կանցկացնի ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ

Գերմանիան կհյուրընկալի ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ ռազմական զորավարժությունները: 11 երկրի 10 000 զինվորական կմարզվի՝ դաշինքի արևելյան սահմաններին հնարավոր սպառնալիքներին արձագանքելու պատրաստակամությունը բարձրացնելու համար:

Ինչպես հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, այս զորավարժությունները հաստատում են ՆԱՏՕ-ի միասնությունը:

«Եթե արևելյան սահմաններին ինչ-որ բան պատահի, ՆԱՏՕ-ի զորքերը պետք է արագ տեղակայվեն: Իհարկե, դա պետք է տեղի ունենա Գերմանիայի տարածքով», — նշել է Պիստորիուսը:

Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության հարցը վերջին տարիներին զգալիորեն սրվել է, հատկապես Բալթիկ ծովում: Նրա պարզաբանմամբ՝ ՆԱՏՕ-ն այս զորավարժություններով ցույց է տալիս, որ պատրաստ է գործողությունների:

«Ռուսաստանը մեզ սպառնում է հիբրիդային պատերազմով, նրա «ստվերային նավատորմը» վնասում է ստորջրյա ենթակառուցվածքները: Մենք՝ ՆԱՏՕ-ն, ցույց ենք տալիս գործելու հնարավորությունն այստեղ և այլուր, այդ թվում՝ այս զորավարժությունների միջոցով: Ուղերձը մեր գործընկերների համար հստակ է. ՆԱՏՕ-ն կարող է հույսը դնել Գերմանիայի վրա՝ որպես գլխավոր հանգույցի», — հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը: