Գերմանական միջուկային վառելիքի գործարանին թույլտվություն է տրվել համագործակցելու ռուսական «Ռոսատոմ»-ի հետ

18:49, 24.07.2026

Գերմանիան հաստատել է ֆրանսիական Framatome ընկերության հայտը, որը նախատեսում է միջուկային վառելիքի ձողերի արտադրություն՝ ռուսական պետական ընկերությունների հետ կնքված լիցենզիոն համաձայնագրի հիման վրա։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերս»-ը։

Գերմանիայի իշխանությունների պարզաբանմամբ՝ մերժման համար իրավական հիմքեր չկային։

Ինչպես գրում է մեդիան, Framatome-ի դուստր ընկերությունը Գերմանիայի հյուսիսում գտնվող գործարանում վառելիքային տարրերի արտադրության թույլտվություն է խնդրել Արևելյան Եվրոպայի շուկայի համար։ Արտադրությունը պետք է իրականացվի ռուսական լիցենզիաների և տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ռուսական TVEL և Rosatom ընկերությունների հետ համատեղ ծրագրի շրջանակներում։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, չնայած ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված մտահոգություններին, Ստորին Սաքսոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, Գերմանիայի Դաշնային շրջակա միջավայրի պահպանության նախարարության ցուցումների հաշվառմամբ, որոշակի պայմաններով տվել է անհրաժեշտ թույլտվությունը։

Դաշնային նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բեռլինի կառավարությունը քննադատաբար է գնահատում ռուսական պետական ընկերության հետ համագործակցությունը, սակայն որոշումն ընդունվել է Գերմանիայի միջուկային օրենսդրության պահանջներին համապատասխան։

«Այս հարցը լուծելու պատշաճ գործիքը ոչ թե միջուկային օրենսդրությունն է, այլ Եվրոմիության մասշտաբով սահմանված պատժամիջոցները, այդ թվում՝ միջուկային ոլորտի դեմ ուղղված միջոցները։ Սակայն այս փուլում անդամ պետությունների մեծամասնությունը նման պատժամիջոցներին չի աջակցում։ Ուստի մենք կրկին ակտիվորեն աջակցում ենք Ռուսաստանի միջուկային ոլորտի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանմանը»,— հայտարարել են նախարարությունում։

Իր հերթին, ֆրանսիական ընկերությունում պարզաբանել են, որ այս համագործակցությունը ժամանակավոր քայլ է, քանի դեռ ընկերությունը կզարգացնի սեփական արտադրական տեխնոլոգիան։

Ռուսական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ տրված լիցենզիան պարունակում է մի քանի պայմաններ՝ ռիսկերը նվազեցնելու համար։ Դրանց թվում են TVEL-ի և Rosatom-ի աշխատակիցների համար գործարան մուտքի արգելքը, ինչպես նաև Ռուսաստանից ստացված սարքավորումների և վառելիքի ձողերի արտաքին անվտանգության աուդիտները։

Ի գիտություն՝ Եվրոմիությունը մինչ օրս համաձայնություն չի ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միջուկային էներգետիկայի ոլորտի վրա տարածելու վերաբերյալ։

Նմանատիպ