Գերմանական լրատվամիջոցներ. Գերմանիայի ներքին գործերի նախարարը քննարկում է զինված ուժերին որոշակի պայմաններում անօդաչու թռչող սարքեր խոցելու թույլտվություն տրամադրելու հնարավորությունը
Գերմանիայում անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելուց հետո հայտարարում են, որ քննարկում են զինված ուժերին այդ սարքերը խոցելու թույլտվություն տալու հարցը, սակայն որոշակի պայմաններով։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կկարգավորի համապատասխան լիազորությունները։
Մասնավորապես, Գերմանիայի զինված ուժերը իրավունք կունենան խոցել անօդաչու թռչող սարքերը, եթե դրանք սպառնալիք առաջացնեն մարդկանց կյանքի կամ կարևոր ենթակառուցվածքների համար և այն ժամանակ, երբ պաշտպանական այլ միջոցները բավարար չեն։
Օրինագծի համաձայն՝ նման ճգնաժամային իրավիճակներում որոշում կընդունի երկրի պաշտպանության նախարարությունը։
«Այժմ ունենք երկկոմպոնենտ ռազմավարություն։ Մի կողմից՝ դա կլինի դրոններից պաշտպանության կենտրոնը, որը կապահովի ֆեդերալ և տեղական իշխանությունների, ֆեդերալ ոստիկանության, ֆեդերալ քրեական ոստիկանության և նահանգների տեղական ոստիկանության իրավասությունների շղթան՝ ֆինանսական ռեսուրսների համախմբմամբ, տեխնոլոգիական փորձագիտական ներուժի կենտրոնացմամբ և նոր հետազոտական նախագծերի նախաձեռնմամբ։ Մյուս մեծ բաղադրիչը օդային անվտանգության ակտի վերանայումն է։ Այս դեպքում առանձնահատուկ նշանակություն ունի իրավական հիմքի ստեղծումը, որպեսզի Բունդեսվերը կարողանա ոստիկանության վարչական աջակցության շրջանակում ներգրավվել դրոններից պաշտպանությունում։ Կարծում եմ, որ նման իրավական հիմքը անհրաժեշտ է, քանի որ դրոնների հետ կապված իրավիճակը կարող է այնքան բազմազան լինել, որ Բունդեսվերի միջամտությունն էլ դառնա անհրաժեշտ։ Իհարկե, սա ներառում է նաև դրոնների խոցումը», – հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Գերմանիայի հյուսիսային հատվածում նկատվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր։ Միջադեպը տեղի է ունեցել Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասում, և այժմ կատարվում է քննություն։