Գերմանական լրատվամիջոցներ - Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը
Գերմանական լրատվամիջոցներ - Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը։ Այս մասին հայտնում է գերմանական WELT AM SONNTAG թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները անանուն հիմքով ասել են, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ կլինի Ուկրաինա ուղարկել ուժեր միայն այն դեպքում, եթե խաղաղապահ կոնտինգենտը տեղակայվի ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում։

Ինչպես գրում է պարբերականը, Բրյուսելում Պեկինի այս պլանը տարբեր արձագանքների է արժանացել։ Մեկ դիվանագետ ասել է, որ մի կողմից Եվրոպայում կարծում են, թե նման երկրների մասնակցությունը, ինչպիսին Չինաստանն է, կարող է նպաստել Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղակայման որոշման ընդունմանը։ Մյուս կողմից՝ կա վտանգ, որ Չինաստանը Ուկրաինայում կզբաղվի լրտեսությամբ և հակամարտության դեպքում կդիմի պրոռուսական դիրքորոշման։

Անցնող շաբաթ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ելույթ ունենալիս Սերգեյ Լավրովը որպես մեկ տարբերակ նշել է, որ անվտանգությունը կարող է ապահովվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի։

«Համոզված եմ, որ Արևմուտքում, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում, լավ հասկանում են, որ առանց Ռուսաստանի Դաշնության անվտանգության հարցերը լրջորեն քննարկելը ուտոպիա է, դա չկայանալու ճանապարհ է», – հայտարարել է Լավրովը։