Գեկա Գելաձեն հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից
Գեկա Գելաձեն հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։
Այս մասին ասվում է Գեկա Գելաձեի հայտարարության մեջ, որը տեղադրվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության կայքում։
«Ես որոշել եմ թողնել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում ես կշարունակեմ իմ գործունեությունը մեկ այլ գերատեսչությունում, որտեղ կշարունակեմ լիարժեք պատասխանատվությամբ ծառայել մեր երկրի և հասարակության շահերին։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում աշխատելը մեծ պատասխանատվություն էր և հնարավորություն ինձ համար ծառայելու մեր երկրին։ Այս ընթացքում ծառայության յուրաքանչյուր աշխատակցի հետ միասին մեր գործունեությունը նպատակաուղղված էր պետության առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը, Վրաստանի անվտանգության ամրապնդմանը և ազգային շահերի պաշտպանությանը։
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակցի՝ նրանց պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և մեր երկրի անվտանգության համար ամեն օր կատարվող կարևոր աշխատանքի համար։
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական թիմին, մասնավորապես՝ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ցուցաբերած վստահության համար։ Վստահ եմ, որ Պետական անվտանգության ծառայությունը ապագայում նույնպես արժանապատվորեն կշարունակի կատարել իրեն վերապահված ամենակարևոր խնդիրները», – ասվում է Գեկա Գելաձեի հայտարարության մեջ։