Գեկա Գելաձե - Թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել, 18-ը հայտնաբերվել են մահացած, երկուսի որոնումները շարունակվում են
Թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել։ Նրանցից 18-ը հայտնաբերվել են մահացած, իսկ երկու մարդու որոնումները շարունակվում են, լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։
Գեկա Գելաձեի խոսքով՝ ինքը մշտական համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ։
«Նախևառաջ, ես կցանկանայի իմ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին, թուրք ժողովրդին։ Ինչպես գիտեք, երեկ, մոտավորապես ժամը 14:00-ին, թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանի տարածքից, հատել է Վրաստանի սահմանը և վթարի ենթարկվել մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ՝ անձնակազմի անդամներ։ Նրանցից 18-ը հայտնաբերվել են և, ցավոք, մահացել են, երկու մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ես մշտական կապի և համակարգման մեջ եմ Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ։ Մենք ստեղծել ենք միջազգային քննչական խումբ, որի մեջ են մտնում թուրք գործընկերներ, որոնք ամբողջ գիշեր եղել են միջադեպի վայրում և մասնակցել են քննությանը։ Ինչպես գիտեք, սա ռազմական ինքնաթիռ է, և թուրքական կողմի հետ համատեղ մենք ձեզ կտրամադրենք մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փուլերով՝ համաձայնեցնելով թուրքական կողմի հետ», – ասաց Գեկա Գելաձեն։