Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ
Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածի արդյունքում զոհվել է 80-ից ավել պաղեստինցի, որոնց մեծ մասը գտնվել է Գազա քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են Գազայի հատվածում գործող հիվանդանոցները։

Նրանց տվյալներով՝ զոհվածների թվում առնվազն 20 կին և երեխա են, որոնք գիշերը ապաստանել էին Գազա քաղաքի կենտրոնական շրջանում՝ Ֆիրասի շուկայի մոտակայքում։

Իսրայելի զինված ուժերը հայտարարում են, որ իրենց թիրախը եղել են «Համաս»-ի երկու մարտիկներ, և տարածված տեղեկությունը զոհերի թվի մասին չի համապատասխանում իրականությանը։

«BBC»-ն գրում է, որ Իսրայելի տանկերն ու զորքերը շարունակում են առաջանալ դեպի Գազա քաղաքի կենտրոն, ինչը, ըստ Իսրայելի բանակի, համարվում է «Համաս»-ի վերջին հենակետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Իսրայելի բանակը կոչ էր արել Գազա քաղաքի բնակիչներին և ներքին տեղահանված անձանց լքել քաղաքը և տեղափոխվել հատվածի հարավային հատված։ Այդ ժամանակ քաղաքում մոտ մեկ միլիոն մարդ էր գտնվում։