Ֆրիդրիխ Մերցն ասում է, որ Գերմանիան այս փուլում չի կարող միանալ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ սահմանադրական պատճառներով
Ֆրիդրիխ Մերցն ասում է, որ Գերմանիան այս փուլում չի կարող միանալ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ սահմանադրական պատճառներով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «խաղաղության խորհրդի» ներկայիս ձևաչափը խանգարում է պաշտոնական Բեռլինի անդամակցությանը։

Մերցի խոսքով՝ նման որոշումը Գերմանիայի համար «սահմանադրական պատճառներով» անընդունելի է։

«Իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության այլ ձևաչափեր ԱՄՆ-ի հետ։ Բեռլինը պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ նոր ձևաչափեր գտնելու ուղղությամբ, որոնք խաղաղություն կբերեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Ես չեմ ուզում, որ դա սահմանափակվի միայն Գազայի հատվածով և Մերձավոր Արևելքով։ Դա, իհարկե, կարող է ներառել նաև Ուկրաինան», – հայտարարել է Մերցը։

Նշենք, որ Թրամփի նախագահությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ հունվարի 22-ին, Դավոսում, Շվեյցարիայում։

Ըստ ծրագրի, Թրամփի «Խաղաղության խորհուրդը» կկենտրոնանա Գազայի հատվածում խաղաղության հաստատման և վերակառուցման վրա, սակայն ապագայում նախատեսվում է, որ այն ավելի լայն դեր կխաղա գլոբալ հակամարտությունների կարգավորման գործում։