Ֆրիդրիխ Մերցի խոսնակ. Գերմանիայի կանցլերը, Զելենսկու հետ զրույցում ընդգծել է այն սպասումը, որ Ուկրաինան եռանդուն կերպով կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը, բարեփոխումները
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ֆրիդրիխ Մերցի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
Մերցը Զելենսկու հետ զրուցել է Ուկրաինայում կոռուպցիայի գործի մասին։
Ֆրիդրիխ Մերցի խոսնակի խոսքով՝ Զելենսկին Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հետաքննության մասին և քննարկել «անհետաձգելի միջոցառումներ»՝ ուկրաինացի ժողովրդի, եվրոպացի գործընկերների և միջազգային դոնորների վստահությունը վերականգնելու համար։
«Իր հերթին Մերցը շեշտել է Գերմանիայի կառավարության սպասումը, որ Ուկրաինան եռանդուն կերպով կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը և հետագա բարեփոխումները, հատկապես օրենքի գերակայության ոլորտում», – ասել է Կոռնելիուսը։
Առաջնորդները նաև քննարկել են Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ինչպես նաև Ուկրաինային շարունակական օգնությունը, ներառյալ օդային պաշտպանությունը և էներգետիկ ենթակառուցվածքները։