Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում կընդունի Սիրիայի նախագահին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կընդունի Սիրիայի նախագահին Բեռլինում, հաղորդում է EurActiv-ը։
Հրապարակման համաձայն՝ սա Սիրիայի նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Գերմանիա՝ 2024 թվականի վերջին Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո։
Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ ալ-Շարաան, որը նախկինում ապստամբների առաջնորդ էր, արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ։
EurActiv-ի տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը Սիրիայի նախագահին հրավիրել է Բեռլին անցյալ տարի, երբ սկսվել էր վեճ սիրիացիների հնարավոր հայրենադարձության շուրջ։
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեպոլը այցելել է Սիրիա և հայտարարել, որ երկրում ավերածությունների և անկայունության մասշտաբների պատճառով սիրիացիների համար անհնար է արագ վերադառնալ տուն։
Գերմանիայում ապրում է մոտ մեկ միլիոն սիրիացի։ Բեռլինը ընդունել է ԵՄ երկրների շարքում ամենամեծ թվով սիրիացի փախստականներին։ Նրանց միայն մի մասն է վերադարձել տուն։
Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստան այս շաբաթ կայցելեն Սիրիա։ Նրանք նաև պլանավորում են հանդիպել Սիրիայի նախագահի հետ։