Ֆրիդրիխ Մերց. Ռուսաստանի կառավարիչները մոտ ապագայում չեն կարողանա գոյատևել առանց պատերազմի, ռացիոնալ և մարդասիրական փաստարկները չեն համոզի Պուտինին, սա դառը ճշմարտությունն է
Գերմանիայի կանցլերը «գործնականում բացառում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը,- ասել է Ֆրիդրիխ Մերցը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Երբ նայում եմ այս ռեժիմին և այս կույր ահաբեկչությանը, քիչ հույս ունեմ։ Ռուս կառավարիչները մոտ ապագայում չեն կարողանա գոյատևել առանց պատերազմի։ Նրանք պետք է պահպանեն իրենց ռազմական մեքենան, քանի որ չունեն որևէ ծրագիր, թե ինչ անել ռազմաճակատից վերադարձած հարյուր հազարավոր զինվորների հետ, այդ թվում՝ ծանր վիրավորների», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Նրա խոսքով՝ գործնականում ոչ մի հնարավորություն չկա բանակցությունների միջոցով ավարտել Ուկրաինայում շարունակվող պատերազմը։
«Իմ կարծիքով, այս պատերազմը կավարտվի, երբ կողմերից մեկը ուժասպառ լինի՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսապես», – ասել է Մերցը։
«Ռացիոնալ և մարդասիրական փաստարկները չեն համոզի Պուտինին։ Սա դառը ճշմարտությունն է», – ասել է Գերմանիայի կանցլերը։
«Ահա թե ինչու են եվրոպական ջանքեր գործադրվում, որպեսզի ռուսական պետությունը չկարողանա շարունակել պատերազմը ռազմական միջոցներով և չկարողանա շարունակել այն տնտեսապես ֆինանսավորել», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ռուսաստանի մասին խոսելով՝ Մերցն ասաց. «Այսօր մենք տեսնում ենք, որ այս երկիրը խորը բարբարոսության մեջ է։ Սա մոտ ապագայում չի փոխվի, և մենք պետք է հաշտվենք դրա հետ»։