Ֆրիդրիխ Մերց. Մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով
«Մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով», – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Նրա խոսքով՝ դաշինքը եվրոպական անվտանգության գլխավոր երաշխավորն է, և անհրաժեշտ է պահպանել միասնությունը:
«Մենք չենք ուզում, ես չեմ ուզում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի: ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է, այդ թվում և առաջին հերթին՝ Եվրոպայում: Այս հարցի հետ կապված պետք է պահպանենք սառնասրտությունը», – հայտարարել է Մերցը:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ իր գլխավոր նպատակը դաշինքի հզորացումն է:
«Այս փուլում այս դաշինքն այլընտրանք չունի, ուստի իմ առանձնահատուկ հետաքրքրությունն է դրա պահպանումն ու զարգացումը Ամերիկայի նախագահի հետ միասին», – ասել է Մերցը:
Նրա խոսքով՝ Գերմանիան կարևոր շահագրգռվածություն ունի Մերձավոր Արևելքում դիվանագիտական հաջողության հասնելու հարցում, քանի որ դա ուղղակիորեն կապված է ինչպես տարածաշրջանային կայունության, այնպես էլ համաշխարհային և ազգային տնտեսության հետ:
«Գերմանիան հիմնարար շահագրգռվածություն ունի դիվանագիտական հաջողության հասնելու հարցում: Դրանից է կախված ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլև համաշխարհային տնտեսության զարգացումը և մեր սեփական տնտեսության վիճակը: Ուստի Գերմանիայի կառավարությունը կշարունակի ամեն կերպ աջակցել դիվանագիտական գործընթացին: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել և օգնել խաղաղության կայունացմանը, եթե այն ձեռք բերվի», – հայտարարել է Մերցը:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ նշված հարցի շուրջ նա երեկ զրուցել է Դոնալդ Թրամփի հետ և կոչ արել ակտիվորեն շարունակել բանակցությունները:
«Երեկ ևս մեկ անգամ խոսել եմ նախագահ Թրամփի հետ: Ես նրան կոչ եմ արել լուրջ մտադրությամբ շարունակել բանակցությունները և ներգրավվել դրանցում: Միևնույն ժամանակ, հավաստիացրել եմ նրան, որ խաղաղության համաձայնագրից հետո Գերմանիան կօգնի ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում, եթե դրա համար գոյություն ունենա համապատասխան մանդատ և կայուն պլան», – նշել է Մերցը:
Նրա խոսքով՝ Գերմանիան նաև վերականգնում է ուղիղ շփումը Իրանի հետ:
«Ինչպես գիտեք, տևական դադարից հետո, որն ուներ լուրջ պատճառներ, Գերմանիայի կառավարությունն այժմ կրկին վերսկսում է երկխոսությունը Թեհրանի հետ: Մենք դա անում ենք Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ: Մեր նպատակն է այս ճանապարհով մեր ներդրումն ունենալ ապագա բանակցությունների հաջողության մեջ», – հայտարարել է Մերցը:
Բացի այդ, Մերցը խոսել է Իրանի նկատմամբ Թրամփի խիստ հռետորաբանության մասին և նշել, որ իր կարծիքով դա ռազմավարական բնույթ էր կրում:
«Ես դա նույնպես դիտարկեցի որպես Իրանի նկատմամբ նրա ռազմավարության հռետորական տարր: Չեմ կարծում, որ նա ինքն էլ ենթադրում էր, որ Իրանի նման երկիրը կարող է ամբողջությամբ կործանվել: Համոզված եմ, որ բանը դրան չէր հասնի: Դա Իրանի հետ հարաբերություններում նրա ռազմավարության մասն էր, ինչը վերջնական արդյունքում, այնուամենայնիվ, հանգեցրեց մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը», – հայտարարել է Մերցը: