Ֆրիդրիխ Մերց. «Համապարփակ համաձայնագրի դեպքում Եվրամիությունը պատրաստ է մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»
Պատժամիջոցների մեղմացումը կարող է լինել այն ներդրման մի մասը, որը մենք կարող ենք ունենալ այս գործընթացի առաջմղման համար, – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիպրոսում Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները։
«Այժմ բանակցությունները պետք է շարունակվեն: Հենց դրա համար ենք մենք պայքարում: Եթե ձեռք բերվի համապարփակ համաձայնություն, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժամիջոցները։ Սակայն մենք դեռ չենք հասել դրան։ Դա կախված է նրանից, թե ինչպես կավարտվեն բանակցությունները։ Պատժամիջոցների մեղմացումը կարող է լինել այն ներդրման մի մասը, որը մենք կարող ենք ունենալ այս գործընթացի առաջմղման համար, և հուսով ենք, որ դա կհանգեցնի կրակի տևական դադարեցմանը», – հայտարարել է Մերցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ անհրաժեշտ է արագ համաձայնություն Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերաբերյալ, Իրանի միջուկային ծրագրի վերջնական դադարեցում և երաշխիք, որ Իսրայելն այլևս վտանգի տակ չի լինի։
«Ես ևս մեկ անգամ կրկնեցի, որ մենք պատրաստ ենք ներդրում ունենալ Հորմուզի նեղուցի անվտանգության նման գործընթացում՝ պահպանելով երեք պայման՝ պատերազմը պետք է ավարտվի, լինի իրավական հիմք և Բունդեսթագի մանդատը. պետք է գոյություն ունենա ամուր ընդհանուր քաղաքական և ռազմական ռազմավարություն, նախքան մենք կդիմենք նման քայլի», – հայտարարել է Մերցը։