Ֆրիդրիխ Մերց. ԱՄՆ նոր անվտանգության ռազմավարության մի մասը մեզ համար անընդունելի է, հաստատում է իմ գնահատականը, որ մենք՝ Եվրոպայում, պետք է ավելի անկախ դառնանք ԱՄՆ-ից անվտանգության ոլորտում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ազգային անվտանգության նոր ռազմավարությունը շեշտադրում է այն անհրաժեշտությունը, որ Եվրոպան անվտանգության առումով պետք է դառնա «շատ ավելի ինքնուրույն» Միացյալ Նահանգներից։
Մերցի խոսքով՝ նա համաձայն չէ այն տեսակետին, թե եվրոպական ժողովրդավարությունը կարիք ունի փրկության։
«Փաստաթղթի որոշ հատվածներ հասկանալի են, սակայն նրա մի մասը, եվրոպական տեսանկյունից, մեզ համար անընդունելի է։ Նոր փաստաթուղթը հաստատում է իմ գնահատականը, որ մենք՝ եվրոպացիներս, այդ թվում՝ գերմանացիներս, պետք է լինենք ավելի անկախ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ից։ Սա զարմանալի չէ, բայց այժմ դա ևս մեկ անգամ հաստատվել է։ Դա փաստագրված է։ Ամերիկացիներն այժմ ուզում են փրկել ժողովրդավարությունը Եվրոպայում, բայց դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում։ Եթե անհրաժեշտ լիներ, մենք միայնակ էլ կկարողանայինք դա անել», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեկտեմբերի 5-ին հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը։ Փաստաթուղթը պարունակում է քննադատություն Եվրոպայի հասցեին, այդ թվում՝ խոսքի ազատության սահմանափակումների համար։
Ազգային անվտանգության ռազմավարությունում նաև նշվում է, որ թեև Եվրոպայի բնակչության մեծ մասը խաղաղություն է ցանկանում, դա չի արտացոլվում քաղաքականության մեջ՝ հիմնականում այն պատճառով, որ կառավարությունները խարխլում են ժողովրդավարական գործընթացները։ Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ «Եվրոպայում պետք է դադարեցվի ՆԱՏՕ-ն որպես մշտապես ընդլայնվող դաշինք ընկալելու միտումը»։