Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ժամանակավորապես արգելվել է պիրոտեխնիկայի վաճառքը
Ֆրանսիայում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին ժամանակավորապես արգելվել է պիրոտեխնիկայի վաճառքը։ Այս որոշումը կայացվել է վերջին օրերին տեղի ունեցած մի քանի միջադեպերից հետո, երբ բողոքի ակցիաների ընթացքում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով մարդիկ են տուժել, այդ թվում՝ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը։ Արգելքը գործելու է մինչև նոյեմբերի 27-ը։
«Այս միջոցներն այլևս չեն օգտագործվում տոնակատարությունների համար, դրանք կիրառվում են մարդկանց վնաս պատճառելու նպատակով։ Թեև բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքը երաշխավորված է, ոչ ոք իրավունք չունի վնասելու ուրիշներին։ Ավագ դպրոցների մերձակայքում, իսկ երբեմն նույնիսկ հենց դպրոցական շենքերի ներսում, պիրոտեխնիկա է նետվում ոստիկանների, ժանդարմների, ազգային կրթության վարչության աշխատակիցների և հենց աշակերտների ուղղությամբ», — հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը։
Հարկ է նշել, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են այս տարվա սեպտեմբերին։ Սկզբնական շրջանում ակցիաները նախաձեռնել էին ավագ դպրոցի աշակերտները, սակայն հետագայում բողոքի ալիքին միացան նաև համալսարանների ուսանողները։ Ցուցարարները բողոքում են դասարանների գերծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։