Ֆրանսիայում Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման գործով ևս մեկ տղամարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում ևս մեկ տղամարդ է ձերբակալվել Լիմոժի քաղաքապետարանը հրկիզելու կասկածանքով։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումից հետո սկսված հետաքննության շրջանակներում, Ազգային ոստիկանության հատուկ արձագանքման ստորաբաժանման օգնությամբ Կրյոզ դեպարտամենտում ձերբակալվել է 66-ամյա մի տղամարդ։ Նա ներկայումս կալանավորված է «կազմակերպված խմբի կողմից մարդկանց համար վտանգավոր միջոցներով գույքի ոչնչացման» մեղադրանքով։
Բացի այդ, այս գործով ձերբակալված առաջին կասկածյալի նախնական կալանքը երկարաձգվել է 48 ժամով։ Նրա դեմ հետաքննություն է սկսվել «կազմակերպված խմբի կողմից մարդկանց համար վտանգավոր միջոցներով գույքին վնաս հասցնելու» և «պետական լիազորություններով օժտված և պետական գործառույթներ կատարող անձանց սպանելու սպառնալիքի» մեղադրանքներով։
Լիմոժի 19-րդ դարի քաղաքապետարանը վնասվել է հոկտեմբերի 17-ին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների կողմից շենքը հրկիզելուց հետո, որոնք վերածվել են բախումների, թալանման և վանդալիզմի։