Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են, ամբողջ երկրում 141 դպրոց շարունակում է փակ մնալ
Ֆրանսիայում ակցիաների և ուսումնական հաստատությունների շրջափակման պատճառով 141 ավագ դպրոց շարունակում է փակ մնալ։
Ակցիաների պատճառով ուսումնական գործընթացը դադարեցվել է Փարիզի կենտրոնում գտնվող Ասասի համալսարանում, որը Ֆրանսիայի առաջատար իրավաբանական ուսումնական հաստատություններից մեկն է։ Բացի այդ, շրջափակման պատճառով խաթարվել է Mines Paris ճարտարագիտական դպրոցի աշխատանքը։ Կամպուսի շրջափակման պատճառով հեռավար ուսուցման ռեժիմի անցնելու մասին է հայտարարել նաև Փարիզում գտնվող մասնավոր կաթոլիկ համալսարաններից մեկը։
Կրթության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ դպրոցների ավելի քան 96%-ն աշխատում է սովորական ռեժիմով։
Իրավիճակը լիցքաթափելու և դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է հավելյալ 3 000 փոխարինող ուսուցիչ ներգրավել։ Էդուար Ժեֆրեի հայտարարությամբ՝ ուսուցիչները դպրոցներում պետք է տեղաբաշխվեն առաջիկա ժամերի ընթացքում։
Ֆրանսիայում հոկտեմբերի 8-ին համապետական ամենախոշոր ցույցն անցկացվել է Փարիզում՝ Բաստիլի հրապարակում, որտեղ հավաքվել էին հազարավոր ակտիվիստներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 8-ին կայացած բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 71 500 մարդ, որոնցից 24 500-ը՝ Փարիզում։ Դպրոցականները, ուսանողները և արհմիությունները պահանջում են բարելավել պայմանները ուսումնական հաստատություններում։