Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում էլեկտրասկուտերի առաջացրած հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ
Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում էլեկտրական սկուտերի առաջացրած հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկություն է տարածում ֆրանսիական մամուլը։
Հաղորդումների համաձայն՝ հրդեհը բռնկվել է տասհարկանի շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանում։ Բնակարանում ապրում էին 34-ամյա տղամարդը և 13 ու 15 տարեկան դեռահաս եղբայրներ։ Փոքր տղան մահացել է չորրորդ հարկի պատուհանից ցած նետվելուց հետո՝ փորձելով փրկվել հրդեհից։ Բնակարանում հայտնաբերված այրված դին, ենթադրաբար, պատկանում է նրա ավագ եղբորը, իսկ նրանց խորթ հայրը, որը լուրջ այրվածքներ է ստացել, ողջ է մնացել։
Հրդեհի մյուս երկու զոհերն են 87-ամյա կինն ու նրա 59-ամյա որդին, ովքեր բնակվում էին վերին հարկերում և մահացել են շնչահեղձությունից։ Մեկ այլ մարդ ծանր վնասվածքներ է ստացել՝ թունավորվել է և ստացել այրվածքներ, իսկ 26 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հիմնականում՝ ծխից։
Տարածված տվյալներով՝ հրդեհը սկսվել է կեսգիշերից հետո, եղել է «ծայրահեղ ուժեղ», և այն մարվել է միայն առավոտյան ժամը 3:45-ի սահմաններում։ Ռեյմսի դատախազ Ֆրանսուա Շնայդերը նշել է, որ նման տեսակի մարտկոցներից առաջացած հրդեհները հանգցնելը չափազանց դժվար է, քանի որ դրանք այրման ընթացքում հակված են էներգիայի ինքնապահպանմանը և նպաստում են կրակի արագ տարածմանը։