Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր համազգային ակցիաներին մասնակցել է 161 500 մարդ
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երրորդ շաբաթը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր համազգային ակցիաներին մասնակցել է 161 500 մարդ։
Երկրի տարբեր քաղաքների փողոցներում հավաքվել են աշակերտներ, ուսանողներ և արհմիությունների ներկայացուցիչներ։ Ակցիայի մասնակիցները բողոքում են կրթական համակարգում առկա խնդիրներից և ոստիկանության գործողություններից։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, այսօր Ֆրանսիայի համալսարանների մոտ 90%-ի աշխատանքը խափանվել է։ Փարիզում, Մարսելում և այլ քաղաքներում աշակերտները դարձյալ փակել են դպրոցների մուտքերը։
Փարիզում և Նանտում անցկացված ցույցերի ժամանակ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ակցիայի մասնակիցներին զսպվածության կոչ է արել։ Նրա խոսքով՝ բարձրացված հարցերը ժամանակ, խորհրդակցություններ, քննարկում և փոխադարձ հարգանք են պահանջում։
Բացի այդ, կառավարության տվյալներով, բողոքի ակցիաների սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 6 800 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։ Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ մոտ 1 500 անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, իսկ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գերազանցման 24 դեպքով քննություն է ընթանում։ Ակցիաների ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 դեռահաս, դպրոցի 100 աշխատակից և 700 ոստիկան։
Ֆրանսիայում նոր մասշտաբային բողոքի ակցիաներ են ծրագրվում շաբաթ օրը։ Սպասվում է, որ ցույցերին կմիանան նաև վառելիքի ու էներգիայի թանկացմամբ և ապրուստի աճող ծախսերով դժգոհ քաղաքացիները։