Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են Կրեմլի քարոզչություն տարածելու մեջ մեղադրվող ռուս լրագրող Քսենիա Ֆեդորովային լքել երկիրը
Ֆրանսիայի իշխանությունները ռուս լրագրող Քսենիա Ֆեդորովային հրամայել են լքել երկիրը՝ նրան մեղադրելով Կրեմլի քարոզչություն տարածելու մեջ։ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆեդորովան Կրեմլի քարոզչություն է տարածել ֆրանսիական հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Ռուս լրագրողի փաստաբանը հայտարարել է, որ նրանք «անմիջապես կբողոքարկեն» Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության որոշումը։
«Քսենիա Ֆեդորովան լրագրող է։ Այս որոշումը լրագրողի խոսքի ազատության լուրջ խախտում է։ Նա իր աշխատանքն անում էր ամենահարմար ձևով», – ասել է փաստաբանը։
Ապատեղեկատվության հարցերով զբաղվող փորձագետները նշում են, որ Ֆեդորովայի ազդեցությունը մտահոգության տեղիք է տալիս, հատկապես այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է հաջորդ տարի նախագահական ընտրություններին։
Ֆրանսիական հրատարակությունը գրում է, որ արտաքսման հրամանագրում Ֆեդորովային մեղադրում են «ռուսական իշխանությունների կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավների կազմակերպիչ» լինելու մեջ, և որ նրա գործունեությունը նպատակաուղղված էր Ֆրանսիայում «հասարակական կարգի անկայունացմանը»։
Տեղեկատվության համար՝ Քսենիա Ֆեդորովան մինչև 2023 թվականը աշխատել է Russia Today France-ում։ Հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Սակայն Ֆեդորովան շարունակել է իր աշխատանքը Ֆրանսիայում։ Նա հաճախ էր հայտնվում CNews հեռուստաալիքում, Europe 1 ռադիոյում և հոդվածներ էր հրապարակում Le Journal du Dimanche թերթում։