Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու մեղադրանքով, «Սկայֆորտ» ՍՊԸ-ի նախկին և գործող տնօրեններին ձերբակալել է
Ապօրինի յուրացման նպատակով ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու, ուրիշի գույքի ապօրինի յուրացման և կալանքի տակ գտնվող գույքից ապօրինի օգտվելու մեղադրանքով Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է «Սկայֆորտ» ՍՊԸ-ի նախկին և գործող տնօրեններին, – այս մասին գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության քննիչ Լևան Ծաքաձեն:
Ինչպես նշվել է ճեպազրույցում, հանցագործությունները որպես պատիժ նախատեսում են 7-ից 11 տարի ժամկետով ազատազրկում:
«Դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել են «Սկայֆորտ» ՍՊԸ-ի նախկին և գործող տնօրենները՝ Կ. Կ.-ն և Կ. Ա.-ն: Համալիր իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները, չարաշահելով պաշտոնական դիրքը, առանձնապես խոշոր չափերով ապօրինի յուրացրել են բնակարանաշինության մասնակիցներին պատկանող գումարները, խաբեությամբ տիրացել ուրիշի գույքին և ապօրինի օգտվել կալանքի տակ գտնվող գույքից:
Գործի նյութերի համաձայն՝ Քութայիսի մունիցիպալիտետի քաղաքապետի 2016 թվականի հրամանով «Սկայֆորտ» ՍՊԸ-ին Բարաթաշվիլի փողոց №139 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման թույլտվություն է տրվել, որի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2019 թվականի փետրվարը: Ընկերությունն իրականացրել է շինարարության միայն որոշակի փուլեր, սակայն նախագիծը պայմանագրով նախատեսված ժամկետում մինչ օրս չի ավարտվել:
Քննությամբ պարզվել է, որ 91 ապագա սեփականատեր ձեռք է բերել տարբեր քառակուսի մետրերի բնակելի և կոմերցիոն տարածքներ, որոնց համար վճարել են համապատասխան գումարներ: Դրա հիման վրա նրանց պետք է փոխանցվեին բարեխղճորեն ձեռք բերված տարածքները, սակայն ընկերության ղեկավար անձինք քաղաքացիների վճարած գումարները շինարարության ընթացքում նպատակային չեն օգտագործել և ապօրինի յուրացրել են: Մասնավորապես, նրանք շենքի շինարարության համար 91 քաղաքացուց ստացված 1 258 332 ԱՄՆ դոլարն ու 411 897 լարին յուրացրել են:
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ ընկերության ղեկավար անձինք, նախագծով նախատեսված բնակելի և կոմերցիոն տարածքների ամբողջական իրացումից հետո, հավելյալ նյութական օգուտ ստանալու նպատակով, մոլորության մեջ են մտցրել քաղաքացիներին և նրանց վաճառել գոյություն չունեցող, ընդհանուր առմամբ 1 287 քառակուսի մետր բնակելի և կոմերցիոն տարածք (այսպես կոչված՝ «օդ»), ինչի արդյունքում 15 քաղաքացուց խարդախությամբ լրացուցիչ տիրացել են 430 000 ԱՄՆ դոլարի:
Ընդհանուր առմամբ, մեղադրյալները քաղաքացիներին պատճառել են 1 688 374 ԱՄՆ դոլարի և 411 897 լարիի վնաս: Քննությունն ընթանում է ապօրինի յուրացման նպատակով ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու, ուրիշի գույքի ապօրինի յուրացման և կալանքի տակ գտնվող գույքից ապօրինի օգտվելու փաստերով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ, 182-րդ և 377-րդ հոդվածներով:
Նշված հանցագործությունները որպես պատիժ նախատեսում են 7-ից 11 տարի ժամկետով ազատազրկում», – հայտնել են գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ: