ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Իրանի դեմ պատերազմում Դոնալդ Թրամփին իր անվերապահ աջակցությամբ զայրացրել է եվրոպացի առաջնորդներին. այս մասին հոդված է հրապարակել «Financial Times»-ը։
Ինչպես գրում է գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Ռյուտեի առաջարկը, որ եվրոպացի դաշնակիցները վերջնականապես «միավորվեն»՝ պատասխանելու ԱՄՆ նախագահի կոչին՝ Հորմուզի նեղուցում ռազմածովային ուժեր տեղակայելու վերաբերյալ, զայրացրել է մի քանի եվրոպական մայրաքաղաքների պաշտոնյաների։ «Financial Times»-ի տվյալներով՝ նշվածը սրել է լարվածությունը ՆԱՏՕ-ում այն հարցի շուրջ, թե որքան հեռու պետք է գնա դաշինքը ԱՄՆ-ին զիջումների գնալու հարցում։
«Սա մեզ դնում է շատ անհարմար և ոչ կոմֆորտ վիճակի մեջ։ Մենք ցանկանում ենք պատրաստակամություն հայտնել, բայց նաև ճշմարտությունն այն է, որ մենք այնպիսի դիրքում չենք, որ որևէ ձևով միջամտենք հակամարտությանը»,- պարբերականին նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։
«Financial Times»-ը նշում է, որ Եվրոպայի մտահոգությունը հակամարտության վերաբերյալ, որը հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի, զգալիորեն հակասում է Ռյուտեի մեկնաբանություններին, ով պարբերաբար փորձում է գովել Թրամփին։
«Նա դա անում է ամբողջ աշխարհի անվտանգությունն ապահովելու համար։ Բավականին տրամաբանական է, որ եվրոպական երկրներից մի քանի շաբաթ կպահանջվի համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Ռյուտեն կիրակի օրը՝ մեկնաբանելով Իրանի ռմբակոծման վերաբերյալ Թրամփի որոշումը։