Femen-ի ակտիվիստուհին փորձել է խանգարել Բեռլուսկոնիին քվեարկության ժամանակ
Միլանում Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստներից մեկը փորձել է խանգարել Իտալիայի նախկին վարչապետ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին, երբ վերջինս ընտրատեղամաս է ժամանել՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կիսամերկ աղջիկը բարձրացել է ընտրական հանձնաժողովի սեղան՝ վանկարկելով «Քո ժամանակն անցել է, Բեռլուսկոնի», և փորձել խանգարել Բեռլուսկոնիին: Վերջինս ի պատասխան ժպտացել է, այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են աղջկան:
Նշվում է, որ միջադեպից հետո Բեռլուսկոնին քվեարկել է առանց որևէ խոչընդոտի:
Հիշեցնենք, որ Իտալիայում այս առավոտ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրում առավոտից բացվել է ավելի քան 61 000 ընտրատեղամաս:
Այս քվեարկությամբ երկրում ընտրում են Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների (ստորին) պալատի նոր կազմը:
Հեղինակ -
Edgar Barsegyan