Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի ևս 19 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի ևս 19 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ևս 19 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են Վրաստանի արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, խորհրդարանի անդամներ, դատախազներ, դատավորներ և նախկին ոստիկանապետ։

«Այս անձինք ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն են կրում խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների հետապնդման համար։ Վրաստանի իշխանությունների կողմից կիրառված բռնությունը, քաղաքականացված դատական գործընթացները, ցուցարարների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ անհամաչափ պատժաչափերը հակասում են ժողովրդավարության հիմնական արժեքներին և ԵՄ թեկնածուի կարգավիճակին համապատասխան պայմաններին։ Էստոնիան կշարունակի աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, անկախ մամուլին և եվրոպական ինտեգրմանը՝ պաշտպանելով վրացի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը», – նշված է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցախկնայի հայտարարության մեջ։

Էստոնիան ընդհանուր առմամբ մուտքի արգելք է սահմանել Վրաստանի 102 քաղաքացիների համար։ Դրանց թվում, որոնց Էստոնիան այսօր պատժամիջոցներ է կիրառել, են՝ Նինո Գալուստաշվիլի, Գիորգի Գվարակիձե, Ալուդա Ղուդուշաուրի, Իլիա Ինջիա, Իրակլի Քադագիշվիլի, Անի Խուբեջաշվիլի, Մարիամ Լաշխի, Գուրամ Մաչարաշվիլի, Մարի Մեշվելիանի, Վիկտոր Մետրևելի, Ջվեբե Նաչխեբիա, Նինո Սախելաշվիլի, Պաատա Սալիա, Թենգիզ Շարմանաշվիլի, Իրակլի Շվանգիրաձե, Սոզար Սուբարի, Ալեքսանդրե Թաբատաձե, Սուլխան Թամազաշվիլի, Նաթիա Թաթիաշվիլի։