Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, գերատեսչություն է կանչվել Վրաստանի դեսպան Զուրաբ Խամասուրիձեն
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր կանչել է Վրաստանի դեսպան Զուրաբ Խամասուրիձեին՝ քննարկելու Վրաստանի քաղաքացիների, ընդդիմության առաջնորդների և լրագրողների նկատմամբ բռնությունները և Էստոնիայի վերաբերյալ Վրաստանի իշխող կուսակցության այսօրվա թշնամական հայտարարությունը,- այս մասին նշվում է տեղեկատվության մեջ, որը տարածում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Վրաստանի ավտորիտար կառավարության և խորհրդարանի նախագահի այսօրվա հայտարարություններն անընդունելի են, թշնամական և լի ստով։ Ցավում եմ, որ այն երկրի ներկայացուցիչները, որոնց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դեպի Եվրոպա առաջընթացին Էստոնիան աջակցում է շուրջ 30 տարի, թշնամական հռետորաբանություն են վարում Էստոնիայի ինքնիշխանության նկատմամբ՝ դրանով իսկ կրկնելով Ռուսաստանի կարծիքը»,- ասել է Մարգուս Ցահկնան։
Էստոնիայի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, նախորդող և դրանից հետո ընկած ժամանակահատվածին։
«Ընտրությունների մոնիտորինգի միջազգային կազմակերպությունները հաստատել են լայնածավալ խախտումների փաստը, իսկ Էստոնիայի կառավարությունը հայտնել է իր դիրքորոշումը։ Դեսպանի հետ հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի փողոցներում բողոքի ցույցերի դաժան ճնշումը անընդունելի է և խախտում է մարդու իրավունքները»,- ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։
«Էստոնիան չի կարող դա հանդուրժել։ Մենք համապատասխան հայտարարություններ ենք տարածել և մուտքի արգելքի տեսքով պատժամիջոցներ ենք սահմանել բռնության համար պատասխանատու 25 քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Վրաստանի եվրաինտեգրումը դադարեցնելու իշխող կուսակցության որոշումը ցնցեց ժողովրդին և ստիպեց նրանց դուրս գալ փողոց՝ արտահայտելու իրենց տեսակետը, և նրանք դրա իրավունքն ունեն»,- ասվում է Էստոնիայի արտգործնախարարի հայտարարության մեջ։