Էստոնիան ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերից մեկը՝ որպես որոշման պատճառ նշելով ռուսական կողմի կասկածելի գործունեությունը
Էստոնիան ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերից մեկը՝ որպես որոշման պատճառ նշելով ռուսական կողմի կասկածելի գործունեությունը

Էստոնիան ժամանակավորապես փակել է Սաածեի սահմանային անցակետը՝ որպես անվտանգության միջոցառում՝ ի պատասխան Ռուսաստանի կասկածելի ակտիվության։ Այս մասին հաղորդում է էստոնական մեդիան։

Ըստ տարածված տեղեկությունների՝ հոկտեմբերի 10-ին Էստոնիայի սահմանի պահպանության ծառայության աշխատակիցները նկատել են Ռուսաստանի սովորականից ավելի մեծ ռազմական ուժեր այդ տարածքում։

Հարավային պրեֆեկտուրայի օպերատիվ ղեկավարը՝ Կունտեր Պեդոսկին, նշել է, որ ռուս սահմանապահները սովորաբար պարեկություն են իրականացնում Սաածեի սահմանային անցակետի մոտ, սակայն ուրբաթ օրը դրանց ակտիվությունը զգալիորեն մեծացել էր։

«Ռուս սահմանապահները պարբերաբար պարեկություն են իրականացնում, քանի որ դա նրանց տարածքն է։ Այսօր նրանց ակտիվությունն ակնհայտ բարձր էր։ Հնարավոր սադրանքներից և միջադեպերից խուսափելու նպատակով մենք որոշեցինք փակել ճանապարհը։ Մեր նպատակն է ապահովել էստոնացի ժողովրդի անվտանգությունը», – նշել է Պեդոսկին։

Նրա խոսքով՝ սկզբում սահմանապահները տեղակայվել են ճանապարհի երկու կողմերում, կապ են հաստատել անցնող վարորդների հետ և առաջարկել զերծ մնալ այդ տարածքով շարժվելուց՝ ռուսական ակտիվության աճի պատճառով։

«Չնայած մեր հորդորին, կային մարդիկ, ովքեր դեռ ցանկանում էին շարունակել իրենց ճանապարհը հենց այս երթուղով։ Քանի որ ճանապարհը անցնում է Ռուսաստանի տարածքով, անվտանգության իրավիճակից ելնելով, Սաածեի անցակետի հատումը պահանջում է խիստ զգուշություն», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ռուսական ինքնաթիռները խախտել էին Էստոնիայի օդային տարածքը։ Դեպքը տեղի էր ունեցել Ֆիննական ծոցում, որտեղ երեք ռուսական «ՄԻԳ-31» կործանիչներ առանց թույլտվության մուտք էին գործել Էստոնիայի օդային տարածք և այնտեղ գտնվել 12 րոպե։