Էսմայիլ Բաղային հայտարարում է, որ Իրանը պատասխանատու է համարում տարածաշրջանի այն երկրներին, որոնք աջակցել են ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի վրա հարձակման հարցում

16:27, 15.11.2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանը պատասխանատու է համարում տարածաշրջանի այն երկրներին, որոնք աջակցել են ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի վրա հարձակման ժամանակ։

Բաղային հայտնել է, որ նման բոլոր դեպքերը փաստագրվել և դիվանագիտական ​​խողովակներով ուղղակիորեն ներկայացվել են համապատասխան երկրներին։

«Յուրաքանչյուր դեպք, երբ տարածաշրջանային երկրները աջակցություն են ցուցաբերել Միացյալ Նահանգներին և սիոնիստական ​​վարչակարգին՝ Իրանի վրա հարձակման հարցում, փաստագրվել և դիվանագիտական ​​խողովակներով ուղղակիորեն փոխանցվել է այդ երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած, շարունակելու է առավելագույն լրջությամբ զբաղվել այս հարցով», – հայտարարել է Բաղային։

Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաև միջուկային ծրագրին։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը, նա պատասխանել է․

«Ոչ։ Այս պահին մենք չենք քննարկում՝ և երբեք չենք քննարկել՝ միջուկային խնդրին առնչվող որևէ մանրամասն»։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ եվրոպական երկրները սովորություն ունեն մեղադրանքներ հնչեցնել՝ առանց ապացույցներ կամ հիմնավորումներ ներկայացնելու։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի հասցեին հնչեցված այս մեղադրանքը բոլորովին անհիմն է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը՝ վերջ դնել Իրանի դեմ նման պնդումների տարածմանը, քանի որ դա միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի գործողություն է և Ֆրանսիայի կառավարության համար առաջացնում է միջազգային իրավական պատասխանատվություն», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Հարկ է նշել, որ Ֆրանսիան Իրանին մեղադրել է կիբերհարձակում իրականացնելու մեջ։ Նոյեմբերի 9-ին ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարեցին, որ հարձակումների պատասխանատվությունը, որոնք անցյալ ամիս հանգեցրել էին երկրի տարածքում առևտրային սառնարանների և սառցարանների անջատմանը, կրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Փարիզի դատախազության տվյալներով՝ հարձակումը ազդել է 700 առևտրային օբյեկտների վրա՝ հանգեցնելով սննդամթերքի փչացմանը և ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջացած հրդեհներին

Նմանատիպ