երեք ընդդիմադիր միություն նամակով դիմում են Պիա Կաումային. Այցի հետաձգումը լավագույն որոշումը կլինի, քանի դեռ ռեժիմը չի պարտավորվել ընտրություններ նշանակել և ազատ արձակել քաղբանտարկյալներին
«Հանուն Փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն՝ ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստանը» բաց նամակով դիմում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Նամակում նշվում է, որ «այցի հետաձգումը լավագույն որոշումը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը չի պարտավորվել նոր ընտրություններ նշանակել և ազատ արձակել քաղբանտարկյալներին»։
«Տիկին նախագահ,
Վրաստանի ժողովրդավարական քաղաքական ուժերի անունից շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և ԺՀՄԻԳ-ին՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու շարունակական հանձնառության համար։
Ցավոք, 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին սահմանադրական և միջազգային ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտմամբ։ Կեղծիքի մասշտաբներն ու ինտենսիվությունը խաթարեցին ընտրական գործընթացի օրինականությունը և հանրային վստահությունը։ Արդյունքում, այսօր միայն «Վրացական երազանքի» պատգամավորներից եւ նրա կողմից ընտրված «նախագահից» կազմված «Խորհրդարանը» չի կարող լեգիտիմ համարվել եւ չի կարող արտահայտել վրաց ժողովրդի կամքը։
Վերջին շրջանում Վրաստանում շարունակվող խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացվել են ապօրինի ձերբակալություններ և բռնություններ։ Այսօր ավելի քան 50 մարդ շարունակում է մնալ բանտում, հարյուրավորները ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Ինքնակոչ ռեժիմի նպատակը միջազգային ճանաչում ձեռք բերելն է։ Ցավոք, նման այցերը նրանց կողմից հաճախ օգտագործվում են քարոզչական նպատակներով, ինչն էլ ավելի է բարդացնում ժողովրդավարական ուժերի և քաղաքացիական հասարակության վիճակը։
Հաշվի առնելով, որ «Վրացական երազանքի» ինքնակոչ ռեժիմը չի համարում ոչ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ոչ էլ նոր ընտրությունների անցկացումը, այցը նպատակահարմար կհամարվի միայն այն դեպքում, եթե այն նպաստի նոր ընտրությունների նախապատրաստական գործընթացներին և քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
Այս պայմաններում այցի հետաձգումը լավագույն որոշումը կլինի, քանի դեռ ռեժիմը չի պարտավորվել նոր ընտրություններ նշանակել և ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասված է նամակում։
Տեղեկության համար, եվրոպացի պատգամավոր Ռիհարդ Կոլսը սոցցանցում գրել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հունվարի 8-10-ը ծրագրում է պատվիրակության այցը Վրաստան։ Նրա խոսքով՝ «սա աղետալի և ժամանակավրեպ քայլ է»։