Էնտոնի Բլինկեն. ԱՄՆ-ն հզորացնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որպեսզի վերջինս ունենա իրեն պաշտպանելու հնարավորություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ պաշտպանական միջոցներ ունենալու համար։
ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը սեպտեմբերին Կիևին հատկացրել է ութ միլիարդ դոլար՝ անվտանգության աջակցության տեսքով, իսկ մի քանի շաբաթ առաջ՝ կես միլիարդ դոլար։
Էնթոնի Բլինկենի խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ օգնությունն ամբողջությամբ հասցվի Ուկրաինային մինչև հունվարի 20-ը։
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հյուսիսկորեական զորքեր տեղակայելու սպառնալիքի մասին։
«Այժմ մենք տեսնում ենք, որ Հյուսիսային Կորեայի ուժերը մտնում են պայքար, և սա խորը և աներևակայելի վտանգավոր զարգացում է երկու տեսանկյունից: Նախ, իհարկե, որովհետև դա ուժեղացնում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, և դա խորը մտահոգություն է ՆԱՏՕ-ի սեղանի շուրջ բոլորի համար, բայց դա նաև երկկողմանի ճանապարհ է: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները գործում են երկու ուղղությամբ, և կան խորը մտահոգություններ այն մասին, թե ինչ է անում կամ կարող է անել Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի, հրթիռային, միջուկային կարողությունները ուժեղացնելու համար: Դա վերաբերում է նաև այն փորձին, որը հյուսիսկորեական ուժերը ձեռք են բերում Ուկրաինայի դեմ Ռուսաստանին աջակցելու ջանքերում»,- ասել է Էնթոնի Բլինկենը։