Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատարը զգուշացրել է ԵՄ երկրների կառավարություններին, որ Եվրոպական միությունն այս պահին գազի մատակարարումների անվտանգության հետ կապված անմիջական ճգնաժամի առջև չի կանգնած
Screenshot
Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը զգուշացրել է Եվրամիության կառավարություններին, որ թեև միությունը ներկայումս գազի մատակարարման անվտանգության հետ կապված անմիջական ճգնաժամի առջև չի կանգնած, գազի գների և մատակարարման հետ կապված առկա խնդիրները կարող են սրվել ձմռան մոտենալուն զուգընթաց։
Euronews-ի տրամադրության տակ հայտնված նամակում Յորգենսենը հորդորում է ԵՄ կառավարություններին շարունակել սահմանափակել էներգիայի պահանջարկը՝ գազի և էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով՝ նշելով, որ գազի պահեստավորման մակարդակները մնում են «հատկապես ցածր»։
«Հորդորում եմ ձեզ դիտարկել այնպիսի միջոցառումների ընդունումը կամ երկարաձգումը, որոնք կնպաստեն գազի պահեստարանների լրացմանը կամ կնվազեցնեն գազի և էլեկտրաէներգիայի պահանջարկը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», – ասվում է նամակում։
Նշվում է, որ իրավիճակը «չի բարելավվել» այն պահից ի վեր, երբ Յորգենսենն առաջին անգամ զգուշացրել էր ԵՄ երկրներին մարտ ամսին։
«Էներգիայի սպառման կրճատման կամավոր և լավ ծրագրված միջոցառումներն արդյունավետ են եղել 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ժամանակ, և ներկայիս իրավիճակում մենք կարող ենք կիրառել այդ փորձից քաղած դասերը», – նշում է եվրոպացի հանձնակատարը նամակում։
Բացի այդ, Յորգենսենը հորդորել է ԵՄ անդամ պետությունների կառավարություններին օգտագործել գազի պահեստավորման վերաբերյալ ԵՄ կանոնակարգերով նախատեսված ճկունությունը՝ խուճապային գնումներից խուսափելու և 90%-ի ցուցանիշին հասնելու համար գնումներն ագրեսիվ կերպով ավելացնելու փոխարեն՝ 80% լրացման թիրախը դիտարկելու համար։
Ըստ Euronews-ի՝ գազի պահեստարանների լրացումը սովորաբար ծառայում է էներգետիկ անվտանգության ապահովմանը, քանի որ ստորգետնյա պահեստարաններում գազի մեծ ծավալները թույլ են տալիս ունենալ ավելի մեծ պաշարներ՝ ձմռանը մեծացող պահանջարկը բավարարելու համար։ Սակայն, երբ գազի համաշխարհային մատակարարումներն արդեն իսկ սահմանափակ են, գազի մեծ ծավալների գնումը կարող է էլ ավելի բարձրացնել գները։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ գազի պահեստարանները մինչև 80% հզորությամբ լրացնելը կարող է բ