Էնդի Բարնհեմը հայտարարում է, որ պատրաստ է Դոնալդ Թրամփից տարբերվող դիրքորոշում ընդունել, եթե դա բխի Մեծ Բրիտանիայի շահերից

12:58, 26.07.2026

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բարնհեմը հայտարարել է, որ միշտ երկրի շահերը կդնի առաջին տեղում։ Նա այս մասին խոսել է «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կամ քննադատել նրան, Բարնհեմը պատասխանել է, որ պատրաստ է այլ դիրքորոշում ընդունել, եթե դա բխի Մեծ Բրիտանիայի շահերից։

«Յուրաքանչյուր առաջնորդ պետք է դա անի։ Դուք պարտավոր եք, նախևառաջ, պաշտպանել ձեր սեփական ազգային շահերը։ Սա է պահանջում այս դիրքորոշումը, եթե ցանկանում եք պատշաճ կերպով կատարել աշխատանքը», – ասել է Բարնհեմը։

Նա ասել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և նրան «շատ ջերմ» է համարել, սակայն լրագրողի հարցին, թե արդյոք վստահում է Թրամփին, Բարնհեմը ուղիղ պատասխան չի տվել՝ նշելով, որ «աշխարհը փոխվում է» և որ նրանք պետք է հետևեն զարգացումներին։

«Աշխարհը փոփոխվում է, այնպես չէ՞։ Ես երբեք չեմ կարող ասել, որ ես նրանից տարբերվող դիրքորոշում չեմ ունենա կամ որ ստիպված չեմ լինի կարծիք հայտնել, որը ճիշտ է Մեծ Բրիտանիայի համար», – ասաց Բըրնհեմը։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը նշեց, որ ինքը «մտահոգություններ» ունի Իրանի հետ հակամարտության բռնկման վերաբերյալ և ասաց, որ չի զերծ մնա ասելուց այն, ինչ ճիշտ է համարում։

Բըրնհեմը նաև նշեց, որ մինչև 2029 թվականը արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի նշանակի։

«Ես դա կբացառեի։ Այո, արտահերթ ընտրություններ չեն լինի։ Ես չեմ կարծում, որ ժողովուրդը դա է ուզում», – ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության մասին խոսելով՝ Բըրնհեմն ասաց, որ լիովին հանձնառու է ՆԱՏՕ-ի գործընկերներին տված խոստումները կատարելուն։ Նա ասաց, որ գլխավոր խնդիրը պաշտպանության ոլորտում նախատեսված ներդրումների լիարժեք ֆինանսավորումն է։

Նմանատիպ