Էմանուել Մակրոնը Եվրոմիությանը կոչ է անում մշակել միասնական մոտեցում երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակման վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոմիությանը կոչ է անում մշակել միասնական մոտեցում երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակման վերաբերյալ. այս մասին գրում է «Բլումբերգը»։
Ֆրանսիայի նախագահը բանակցություններ է վարել Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի և Իռլանդիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը նշել է, որ համակարգված մոտեցումը կուժեղացնի ինչպես երեխաների և դեռահասների պաշտպանությունը թվային տիրույթում, այնպես էլ խոշոր առցանց հարթակների պատասխանատվությունը։
Ինչպես գրում է «Բլումբերգը», մի քանի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան և Հունաստանը, արդեն քննարկում են սահմանափակումներ մտցնելու հարցը։ Սակայն յուրաքանչյուր երկրում ներկայացված են տարբեր առաջարկներ՝ տարբեր նվազագույն տարիքային շեմերով և պաշտպանական մեխանիզմներով, ինչը Եվրոմիությունում անհամասեռ կանոնների ստեղծման ռիսկ է առաջացնում։
Մակրոնը ցանկանում է, որ այս նախաձեռնությունները Եվրոմիության մակարդակով լինեն միասնական։
Ֆրանսիայի Ազգային ժողովն արդեն հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է սոցիալական ցանցերի արգելում մինչև 15 տարեկան երեխաների համար։ Պորտուգալիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրինագծին, համաձայն որի՝ 13-ից 16 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելու համար կպահանջվի ծնողների հստակ համաձայնությունը։ Մեծ Բրիտանիան քննարկում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքը։