Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ 2027 թվականին՝ նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո, կհեռանա քաղաքականությունից
Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ 2027 թվականին՝ նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո, կհեռանա քաղաքականությունից։ Ֆրանսիայի նախագահն այս մասին հայտարարել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա կատարած այցի ժամանակ։
«Ես քաղաքականության մեջ ներգրավված չեմ եղել նախքան նախագահ դառնալը և ներգրավված չեմ լինի նաև դրանից հետո», – նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ երկրորդ հնգամյա ժամկետի ամենադժվար մասը սեփական ձեռքբերումների պաշտպանությունն էր։
Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ ինքը «քաղաքական շարժում է ստեղծել, ապա զբաղեցրել նախագահի պաշտոնը», քանի որ միշտ հետաքրքրված է եղել իր երկրի կյանքով և ցանկացել է, որ իր գաղափարներն իրականություն դառնան։
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսին, իսկ 2022 թվականի ապրիլին վերընտրվել է երկրորդ ժամկետով։