«ԷքսպոՋորջիա»-ի 11-րդ տաղավարում բացվել է գինու և ալկոհոլային խմիչքների 17-րդ միջազգային ցուցահանդեսը՝ WinExpo Georgia 2025
Տեղական շուկայում վրացական գինու արտադրանքի հանրահռչակման պետական ծրագրի շրջանակում հունիսի 6-ին բացվել է գինու և ալկոհոլային խմիչքների 17-րդ միջազգային ցուցահանդեսը՝ WinExpo Georgia 2025։
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ վրացական գինու արտադրանքի տեղական շուկայում հանրահռչակման պետական ծրագիրը իրականացվում է գործակալության կողմից՝ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգմամբ։
«Ծրագրի շրջանակում Վրաստանի մասշտաբով կազմակերպվում են գինու ցուցահանդեսներ, մրցույթներ և փառատոններ, ինչը կարևոր է գինու տուրիզմի ներուժի և սպառողական մշակույթի զարգացման համար։ WinExpo Georgia 2025 ցուցահանդեսը կազմակերպում է «ԷքսպոՋորջիա»-ն, և դրան մասնակցում են աշխարհի յոթ երկրներից (Գերմանիա, Հայաստան, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Թուրքիա) շուրջ 200 ընկերություն։ Ցուցահանդեսին ներկայացված են գինու և ալկոհոլային խմիչքների խոշոր և միջին արտադրողներ, փոքր գինեգործարաններ, ինչպես նաև գինու տեխնոլոգիաներ, փաթեթավորման նյութեր, խաղողագործության և գինեգործության մեքենաներ ու սարքավորումներ, աքսեսուարներ և ծառայություններ։ WinExpo Georgia-ն Վրաստանում գինու և ալկոհոլային խմիչքների ոլորտում ամենամասշտաբային միջազգային հարթակն է, որի նպատակն է վրացական գինու և գինեգործական մշակույթի հանրահռչակումը։ Ցուցահանդեսին մասնակցում են գինու ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից։ Կկազմակերպվի հատուկ միջոցառում՝ WinExport FORUM-ը, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներմուծողները կհանդիպեն վրաց գինեգործներին։ Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի նաև 15-րդ միջազգային գինու մրցույթը՝ Georgia International Wine Award-ը, որի ժյուրին բաղկացած է տարբեր երկրներից ժամանած ճանաչված գինու փորձագետներից։ Մրցույթին ներկայացված է շուրջ 200 նմուշ, հաղթողները կբացահայտվեն յոթ անվանակարգում և կպարգևատրվեն ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։ WinExpo Georgia 2025-ը կանցկացվի հունիսի 6-8-ը Թբիլիսիում՝ «ԷքսպոՋորջիա» ցուցահանդեսային կենտրոնի 11-րդ պավիլյոնում», – նշված է Գինու ազգային գործակալության հաղորդագրությունում։