Ekalata.gov.ge-ն արդեն հասանելի է Android և iOS բջջային հավելվածներում

11:52, 08.10.2026
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ Վրաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության կողմից ստեղծված www.ekalata.gov.ge տեղեկատվական պորտալն արդեն հասանելի է նաև Android և iOS բջջային հավելվածներում։ Հավելվածների միջոցով սպառողները կարող են համեմատել գները և ստանալ տեղեկատվություն նախընտրած ապրանքների մասին նաև բջջային սարքերից։
www.ekalata.gov.ge-ն սպառողներին հնարավորություն է տալիս մեկ տարածքում համեմատել տարբեր առևտրային ցանցերում առկա գները, ստեղծել անհատական զամբյուղ և հաշվարկել հնարավոր խնայողությունը։ Պորտալում հնարավոր է համեմատել 13 հիմնական սննդամթերքի և 10 առաջնային սպառման ոչ սննդային ապրանքների գները։
Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության տեղեկացմամբ՝ պորտալի զարգացման շրջանակներում դրան ավելացվել են նոր առևտրային ցանցեր, և այժմ կայքում ներկայացված են 16 առաջատար առևտրային ցանցերի գները։ Պլատֆորմին ավելացվել է նաև խանութների աշխարհագրական տեղադրության (գեոլոկացիայի) ֆունկցիա, որի միջոցով սպառողը կարող է գտնել ամենամոտ մասնաճյուղը։
Պորտալում տեղադրված տեղեկատվությունը, առևտրային ցանցերի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, օպերատիվորեն թարմացվում է, ինչը սպառողներին հնարավորություն է տալիս համեմատել գների ընթացիկ վիճակը։
«Սեպտեմբերի գների դինամիկայի համաձայն՝ ամսվա սկզբի համեմատությամբ, ամսվա վերջում 13 հիմնական սննդամթերքից բաղկացած ամենաէժան զամբյուղի արժեքը նվազել է 4.4 տոկոսով, իսկ 10 առաջնային սպառման ոչ սննդային ապրանքներից բաղկացած զամբյուղի արժեքը՝ 5.3 տոկոսով»,- նշված է Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
www.ekalata.gov.ge-ն գործարկվել է ընթացիկ տարվա հունիսի վերջին՝ Վրաստանի վարչապետի նախաձեռնության և Վրաստանի խորհրդարանի՝ սննդամթերքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող հանձնաժողովի պատրաստած եզրակացության հիման վրա՝ կարճաժամկետ միջոցառումների շրջանակում։ Դրա նպատակն է սպառողներին մեկ տարածքում տեղեկատվություն տրամադրել հիմնական ապրանքների գների և առաջարկների մասին, հեշտացնել տարբեր առևտրային ցանցերի գների համեմատությունը և նպաստել իրազեկված ընտրությանը։
Ռազմավարության շրջանակներում պորտալի մոնիթորինգն իրականացնում է GCCA-ն։
«Վրաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությունը շարունակում է հարթակի զարգացումը և նախատեսում է ապագայում ևս ներդնել լրացուցիչ ֆունկցիաներ ու ծառայություններ սպառողների համար»,- նշում են գործակալությունում։

Նմանատիպ