Ըստ Ռիկարդ Յոզվիակի՝ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին արգելվել է մուտք գործել Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենք
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի գրասենյակի թղթակից Ռիկարդ Յոզվիակի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին արգելվել է մուտք գործել Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարան։
Յոզվիակը հայտնել է, որ Մենդելը պետք է ելույթ ունենար սեպտեմբերի 17-ին՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության կազմակերպած միջոցառմանը։ «Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին արգելվել է մուտք գործել Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարան։ Նա պետք է վաղը ելույթ ունենար այնտեղ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կազմակերպած միջոցառմանը», – գրում է Յոզվիակը։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 13-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին։
Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Զելենսկին ստորագրել է երեք հրամանագիր, որոնցով ուժի մեջ են մտել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները՝ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի, ռուսական «Ռոստեխ» (Rostec) պետական կորպորացիայի հետ կապված ձեռնարկությունների ու անհատների, ինչպես նաև ռուսական ագրեսիան արդարացնող քարոզիչների նկատմամբ։
Յուլիա Մենդելը Զելենսկու մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2021 թվականի հուլիսի 9-ը։ Պաշտոնից հեռանալուց հետո նա բազմաթիվ քննադատական հայտարարություններ է արել նախագահի և նրա թիմի հասցեին։ Այդպիսի հայտարարություններից մեկում Մենդելը պնդել է, որ 2022 թվականին Վլադիմիր Զելենսկին պատրաստ է եղել Դոնբասի տարածաշրջանը զիջել Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց։