Ըստ Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարության՝ Իրանից դեպի Էմիրություններ արձակվել են երկու բալիստիկ հրթիռներ

22:37, 18.08.2026

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից դեպի երկիր արձակվել են երկու բալիստիկ հրթիռներ։ Ըստ նախարարության՝ դրանցից ոչ մեկը գետնին չի ընկել։

«Երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել են Իրանից դեպի Էմիրություններ արձակված երկու բալիստիկ հրթիռներ։ Առաջին հրթիռն ընկել է երկրի տարածքային ջրերից դուրս, իսկ երկրորդը՝ տարածքային ջրերում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մնում է բարձր պատրաստվածության վիճակում, լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և վճռականորեն արձագանքել Արաբական Միացյալ Էմիրությունների անվտանգությունը խաթարելուն ուղղված ցանկացած փորձի։ Սա կարվի երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նրա շահերն ու ազգային կարողությունները պաշտպանելու համար», – ասվում է ԱՄԷ պաշտպանության նախարարության սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանը դեռևս չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄԷ Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հաղորդագրություն է ուղարկել նրանց հեռախոսներով՝ նշելով, որ իրավիճակը անվտանգ է և կոչ է արել բնակչությանը շարունակել իրենց բնականոն գործունեությունը։ Հաղորդագրությունն ուղարկվել է այն բանից հետո, երբ գործակալությունը բնակչությանը զգուշացրել է հրթիռային սպառնալիքի մասին։

Նմանատիպ